«Ազգային սինեմատեքը ստեղծարար մշակութային, կրթական, զբոսաշրջային հանգույց է, այսինքն՝ ստեղծարար միջավայր»
06.12.2019 | 01:22
«Իրատեսի» հյուրը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:
-Պարոն Մանուկյան, ՀԿՄ նախագահ Հարություն Խաչատրյանի կարևորագույն տեսլականն էր կրթական, մշակութային, զբոսաշրջային կենտրոնի՝ «Ազգային սինեմատեքի» ստեղծումը, որը կարծես միս ու արյուն է սկսում ստանալ: Այն ներկայումս ձևակերպված է այս կերպ՝ «Ազգային սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր»: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:
-Եթե հիշում եք, գրեթե երկու տարի առաջ Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում ընտրվեց՝ ներկայացնելով «Պետք է բացվեն Կինոյի տան բոլոր դռները» հայեցակարգը: Դա խորքային մոտեցում էր այն իրավիճակին, որ ստեղծված էր հայկական կինոմիջավայրում մինչ այդ ընտրությունները: Միայն ամնեզիա ախտորոշմամբ մարդիկ կարող են մոռանալ իրողությունը, որ կար: Կինոմշակույթ, կինոմիջավայր այդ ժամանակ կարծես թե գոյություն չուներ, թեպետ «Ոսկե Ծիրանը» շատ որոշակիորեն ու շատ հետևողականորեն կոտրել էր սառույցը տարիների ընթացքում, տարեցտարի նոր նախադրյալներ էր ստեղծել: Կինեմատոգրաֆիստների միության դռները փակ էին հանդիսատեսի առաջ, Հայաստանի ամենամեծ կինոդահլիճը՝ Կինոյի տան մեծ դահլիճը, դանդաղ մահվան ճիրանում էր, կենդանություն չկար երբեմնի այդ հրաշալի միջավայրում:
-Երիտասարդությունն այսօր, ի տարբերություն իմ սերնդակիցների, պարզապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացրել Կինոյի տունը 1970-80-ական թվականներին:
-Այո՛, նրանք չգիտեն, թե ինչ հրաշալի կինոմիջավայր ու կինոմշակույթ է եղել այդ տարիներին: Այդ ամենը վերացված էր: Փոքրաթիվ թիմը, որ Հարություն Խաչատրյանի հետ սկսեց աշխատել, փորձեց շատ կարճ ժամանակում իսկապես բացել Կինոյի տան բոլոր դռները, կինոմիջավայր ձևավորել: Գիտե՞ք, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ մեր բոլոր լավագույն ֆիլմերը նկարահանվել են հենց այն ժամանակներում, երբ կինոմիջավայր ու կինոմթնոլորտ է եղել: ՈՒ երբ ասում ենք, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են հայկական կինոյի զարգացմանը, նկատի չունենք, որ կինեմատոգրաֆիստների միությունը պետք է ներդրումներ անի կինոարտադրությունում և այլն: Նկատի ունենք, որ պետք է ստեղծենք այն միջավայրը, որում կինոն կարող է զարգանալ: Ցավոք, շատերը չեն պատկերացնում, շատերն էլ հաշտվում այն իրավիճակի հետ, որ անկախ Հայաստանում կինեմատոգրաֆիստների միությունը չի կարող ունենալ և չունի այն գործառույթները, որ ունեցել է խորհրդային ժամանակներում՝ վերահսկել կինոն, գրաքննել, որոշել լավն ու վատը, արգելել կամ թույլատրել, գնահատական տալ, փառաբանել կամ ոչնչացնել արվեստագետին, կոլեկտիվ նամակներ գրել մինչև Մոսկվա և այլն: Այսօր միայն ու միայն մեկ գործառույթ ունի միությունը՝ ստեղծել կինոմիջավայր ու նպաստել կինոմշակույթի զարգացմանը, որի հետ են կապված հայկական կինոյի բոլոր երազանքները: Վերջին երկու տարվա ընթացքում կինեմատոգրաֆիստների միությունում մենք իրականացրել ենք տասնյակ նախագծեր, որոնք մեր կինոդահլիճներ ու մեր կինոմիջավայր անվճար բերել են ավելի քան 24 հազար հանդիսատեսի: Եվ հուրախություն մեզ՝ այդ հանդիսատեսների գերակշիռ մասը երիտասարդներ են: Նրանք մասնակցում են ազգային ֆիլմերի, համաշխարհային կինոյի, իրենց տարեկիցների նկարահանած ֆիլմերի ցուցադրություններին, կինոքննարկումներին, կինոբանավեճերին: Մանկական ծրագրեր ենք իրականացրել, որի շրջանակներում մի քանի հազար դպրոցական է եղել կինեմատոգրաֆիստների միությունում, դիտել հայկական մուլտֆիլմեր, հանդիպել, շփվել դրանք ստեղծած մարդկանց հետ: Եվ այս ամենը դռները բացելու քաղաքականության մեկ բաղադրիչն էր միայն: Երկրորդ բաղադրիչը «Ազգային սինեմատեքի» ստեղծումն էր, որի գաղափարը և մտահղացումը Հարություն Խաչատրյանինն էր: Այն ոգևորեց բոլորիս, և մենք սկսեցինք աշխատել «Ազգային սինեմատեքի» կոնցեպտի վրա: Ինքս անձամբ հեղինակել եմ գաղափարի ստեղծարար կոնցեպտը՝ աշխատելով շատ երիտասարդ ու ստեղծարար ճարտարապետ Անահիտ Հովհաննիսյանի հետ, որն աշխատում է Հոլանդիայում, մասնակցություն է ունեցել մի շարք կարևոր նախագծերի, ուսումնասիրել է Ամստերդամի կինոթանգարանն ու այլ կինոմիջավայրեր: Ստեղծարար կոնցեպտի մշակման ընթացքում Անահիտի գործունեության շնորհիվ մենք կարողացանք խորհրդատվական աջակցություն ստանալ Ամստերդամի կինոթանգարանի տնօրինությունից, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մասնագետներից, Ռոտերդամի քաղաքային միջավայրի և հասարակական տարածքի ձևավորման մասնագետներից: Շատ նպաստավոր եղավ նաև Հարություն Խաչատրյանի միջազգային հեղինակությունն ու ճանաչումը, այլապես մեծ ծախսեր կպահանջվեին նման խորհրդատվությունների համար: Ժամանակակից աշխարհի մոտեցումներից անհնար է հետ մնալ, և մենք ուսումնասիրեցինք նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Լոնդոնում, Գերմանիայում գործող նշանավոր կինոթանգարանների, ասիական կինոթանգարանների փորձը: Անահիտը եղավ նաև շատ թանգարաններում՝ տեղում ուսումնասիրելով թե՛ ճարտարապետական, թե՛ դիզայներական մոտեցումները, թե՛ զուտ թանգարանային ցուցադրությունները: «Ազգային սինեմատեքը» ստեղծարար մշակութային, կրթական, զբոսաշրջային հանգույց է, այսինքն՝ ստեղծարար նոր միջավայր, և մենք պետք է կարողանայինք ստեղծել ժամանակակից այնպիսի կոնցեպտ, որը թույլ կտար մարդուն այդ միջավայրում անցկացնել իր ժամանակը՝ լավագույնս հաղորդակցվելով «Ազգային սինեմատեքի» կոնցեպտի հիմքում դրված բոլոր՝ կրթական, մշակութային, զբոսաշրջային, թանգարանային, ժամանցային բաղադրիչների հետ: «Ազգային սինեմատեքը» նախագծված է նաև որպես կինոփառատոնային կենտրոն: Այսօր Հայաստանում գործում են տարբեր ձևաչափերի միջազգային բազմաթիվ կինոփառատոներ, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեն՝ կապված և՛ տարածքներ չունենալու, և՛ ֆինանսների, և՛ տեխնիկական կողմերի հետ: Իսկ «Ազգային սինեմատեքն» իր մեջ ներառելու է թե՛ Կինոյի տան 510-տեղանոց մեծ դահլիճը, թե՛ 125-տեղանոց փոքր դահլիճը, թե՛ 50-տեղանոց կինոսրահը, թե՛ մնացած ենթակառուցվածքները՝ միանալով 1219 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ հատվածին, որը երջանիկ պատահականությամբ փրկվել է վաճառքներից, և մենք ունենալու ենք յոթ-ութ տարբեր չափերի վերափոխվող դահլիճներ, որոնք ցանկացած ձևաչափի կինոփառատոնի համար կստեղծեն առանձնահատուկ միջավայրերեր և հնարավորություն կտան, օգտվելով արդեն փառատոնային տրամաբանությամբ ձևավորված կենտրոնից, խնայելու շատ ֆինանսական միջոցներ ամենատարբեր առումներով: Իսկ ամենակարևոր բաղադրիչը մենք համարում ենք կրթական բաղադրիչը: Առանց ժամանակակից կրթության՝ մենք ոչ մի ապագա ունենալ չենք կարող: Առանց ժամանակակից մոտեցումների դեպի երեխան, նրա մտավոր զարգացումը, նրա ապագա մասնագիտական կողմնորոշումները մենք ոչ մի բանի հասնել չենք կարող: Եվ օրեցօր աճող մանկական ժամանցային միջավայրերի կողքին մենք ունենալու ենք նորագույն կրթական միջավայր՝ «5+» տարիքից սկսած: Այն լինելու է կողմնորոշումային կրթական միջավայրի լավագույն ժամանակակից մոդելներից մեկը: Այդ միջավայրում երեխան կարողանալու է շփվել արվեստի՝ կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտության հետ: Նորագույն ծրագրերի ու մեթոդաբանության միջոցով կարողանալու է ստեղծել իր սցենարը, իրականացնել սեփական բեմադրությունը, նկարահանումները, մոնտաժը և ստանալ իր ստեղծարար արդյունքը:
-Ըստ նախնական հաշվարկի՝ 680 մլն ՀՀ դրամ է հարկավոր այս մեծ գաղափարը կյանքի կոչելու համար: Իրատեսակա՞ն է այս գումարը հայթայթելու հեռանկարը, թե՞ երազանքի մակարդակում է:
-Այո՛, իրատեսական է: Շա՛տ իրատեսական: Իրատեսական չէր լինի, անշուշտ, եթե նոր կառավարությունն էլ չունենար այնպիսի մոտեցում, որ ժամանակակից կրթական, մշակութային միջավայրերի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի սերնդի համար, և իր ծրագրերում շարունակեր չունենալ այդ սերնդին կերտելու երազանքը: Շարունակեր չունենալ արվեստի միջոցով այդ սերնդից քաղաքացի կերտելու երազանքը և շարունակեր ունենալ այդ սերնդին հնացած համակարգերով «կռտելու» «վեհ» նպատակը: Բայց, բարեբախտաբար, նոր մոտեցումներն այլ են: Նախագիծն իրականացվելու է փուլային տարբերակով: Երեք տարի կպահանջվի դրա համար: Այո, այն մասնակցային նախագիծ է: Բոլոր մասնակիցներն ունենալու են իրենց ներդրումը: Առաջիկա 2 տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է ներդնել մոտ 280 մլն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 80 մլն-ը, հույս ունենք, որ կստանանք այս տարվա ընթացքում՝ մինչև տարեվերջ: Կինոմիությունը շուրջ 200 մլն ՀՀ դրամի ներդրում է նախատեսում: Շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով ներդրում էլ ակնկալում ենք մասնավոր հատվածից: Սա ժամանակակից աշխարհում ընդունված մոդել է, որը նաև համահունչ է Հայաստանի նոր կառավարության քաղաքականությանը: Ես հասկանում եմ, որ «մասնավոր հատված» հասկացությունը կարող է շատերին նետել թյուրիմացության գիրկը, բայց թյուրիմացություններին տրվելու կարիք չկա: Բացառությամբ կինոսրճարան, կինոգրախանութ, կինոպարագաների խանութ և այլն ներդնելուց, մենք նախատեսում ենք նաև կինոարտադրությամբ զբաղվողների համար շահավետ գրասենյակային, փոքրիկ արտադրական և այլ տարածքների համակարգ, որը թույլ կտա, բացի փառատոնային կենտրոնից, նաև նույն հարկի տակ մեկտեղել կինոարտադրողներին, ինչը նույնպես կինոմիջավայր ստեղծելու գաղափարի բաղադրիչն է: Ասեմ, որ այս տարի ակնկալվող կառավարության առաջին ներդրումով նախատեսում ենք իրականացնել ժամանակակից կաթսայատան կառուցումը, ջեռուցման և հովացման նոր համակարգերի տեղադրումը և կոմունիկացիոն մի քանի խնդիրների լուծումը, որը թույլ կտա ամբողջ ներդրումային տարածքը կահավորել այդ համակարգերով, ինչն էլ թույլ կտա հենց իրականացվող աշխատանքների ընթացքում լավագույնս շահագործել արդեն իսկ առկա ենթակառուցվածքները, որոնք մենք նորոգել ենք մեր միջոցներով, բայց տարվա 8 ամիսը մատնված են պարապուրդի հենց այդ համակարգերի բացակայության պատճառով, ինչպես նաև գեներացնել այն նախագծերը, հատկապես կրթական նախագծերը, որոնք դրված են «Ազգային սինեմատեքի» կոնցեպտի հիմքում:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
- Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
- Երախտագիտություն՝ կինոլեզվով
- Դերենիկ Դեմիրճյան-145
- «Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի»
- «Պետությունը կորցրել է իր դեմքը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք»
- «Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն»
- «Մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան»
- «Եթե մեր մշակույթը լիներ բարձր մակարդակի վրա, մենք այսօրվա ողբերգությունը չէինք ունենա»
- «Մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով»
- «Ի սկզբանե մտածել են արնաքամ անել ժողովրդին, բերել-հասցնել մի վիճակի, որ հետո ասեն՝ դե՜, չդիմացանք, ու ստորագրեն այս փաստաթուղթը»
- «Վերջին տեխնոլոգիաներով զինված հարուստ, անպարտ բանակ, սեփականին զուգահեռ՝ պետական հզոր արդյունաբերություն պիտի ստեղծենք»
- «Եթե հիմա ենք գնում փոխզիջման, դրա տակ ի՞նչ է ենթադրվում. ինքնաոչնչացու՞մ, ինքնասպանությու՞ն»
- «Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ»
- «Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան»
- «Հանուն ազգի, հանուն հայրենիքի զոհվածների հերոսությունը չափանիշների փոփոխության ենթակա չէ»
- «Ինչպես Հիսուսը, այդպես էլ Նարեկացին Աստծուց ներողություն է խնդրում բոլորիս մեղքերի համար»
- «Մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է»
- «Մենք Աստուծոյ փառք կու տանք, որ հայրենիքը կը մնայ հայրենիք եւ մեր մնայուն հասցէն»
- «Կարդում էի այն ստեղծագործությունների ցանկը, որ պատրաստվում են հանելու դպրոցական դասագրքերից, ու սարսափում էի»
Մեկնաբանություններ